Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերական կայուն: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, միաժամանակ, սակայն, Ասրյանը հաստատեց, որ կրակոցներ հնչում են:
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասին մեր գերատեսչության պաշտոնական լրահոսը տեղեկացնում է», - ասաց նա:
Դիտարկմանը, որ Բաքվից հերքում են սա, ասելով, որ իրենք կրակ չեն բացում, Ասրյանն արձագանքեց. «Ադրբեջանական կողմը կպատճառաբանի, թե իրենք չեն, բայց իրականում իրենք են։ Իսկ նպատակը. առաջինը՝ կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ մեր գնահատականով՝ նպատակները միանշանակ եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, դրանք և՛ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու: Բայց, փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,-հավելեց նա:
ԳՇ պետի խոսքով՝ ուշադրությունը չդարձնելը չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը:
«Մենք շարունակում ենք հետախուզության վարումը, և սահմանային խորություններում հակառակորդ կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան», - շեշտեց Էդվարդ Ասրյանը:
Բաքուն ամիսներ շարունակում Երևանում մեղադրում էր կրակոցների արձակելու մեջ, այդ նույն ընթացքում Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակ բացելով: Խնածախ ու Խոզնավար գյուղերում այս ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է խոցվել։